Կապ Նվիրաբերել հիմա

Մեր մասին

Թուֆենկյան հիմնադրամը հիմնվել է 1998 թվականին`Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու նպատակով: Այն հիմնադրվել է գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից, ով 1990-ական թվականների վերջում արդեն մի տասնամյակ էր, ինչ գործի էր դնում իր բիզնես ձեռնարկությունները սոցիալական արդարության խթանման նպատակով նախ Նեպալում և ապա հայրենի Հայաստանում:

Սակայն, շուտով պարզ դարձավ, որ միայն ձեռնարկատիրական գործունեության միջոցով Հայաստանի զարգացումը խոչընդոտող բարդ և երկարաժամկետ խնդիրներին անհնար էր լուծում տալ: Փոխարենը, այդ խնդիրները պահանջում էին նվիրում, նորարարություն և համարձակ գործողություններ ոչ առևտրային հատվածի կողմից:

Իր գործունեության գրեթե 2 տասնամյակների ընթացքում Թուֆենկյան հիմնադրամը աշխատել է այս խնդիրների լուծման ուղղությամբ, մոդելավորելով նոր մոտեցումներ երկարաժամկետ մարտահրավերներին և նախաձեռնելով ծրագրեր, որոնք կարող են դրական փոփոխություններ ստեղծել հայ հասարակության լայն շերտերի համար:

Մենք Հայաստանում ավելի քան 70 ծրագրեր ենք իրականացրել աղքատության վերացման, կրթության խրախուսման, շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման, ազգային, քաղաքացիական, մշակութային և կրոնական արժեքների թարմացման, սոցիալական արդարության խթանման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ձևավորման նպատակով:

Մինչդեռ Հայաստանում մեր աշխատանքը քաղաքական ուղղվածություն չունի, մեր կողմից թիրախավորվող շատ մարտահրավերներ ուղղակիորեն կապված են Հայաստանի առջև ծառացած այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումները, կարճաժամկետ մտածելակերպը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունն ու մատչելիությունը:

2003 թվականին մենք ընդլայնեցինք հիմնադրամի առաքելությունը` մեր գործունեության շրջանակում ընդգրկելով նաև Արցախի ազատագրված սահմանամերձ տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն բոլոր հայերի խաղաղության, անվտանգության և բարեկեցության համար: Պատերազմի արդյունքում հալածված այս հողերը, որոնք կապում են Արցախը Հայաստանին և դրանք մեկ ամբողջականություն դարձնում, ենթակառուցվածքների բարելավման, ակտիվ վերաբնակեցման, տնտեսական զարգացման և կենսապահովման հնարավորությունների հրատապ կարիք ունեն:

Ւ պատասխան այս կարիքներին, վերջին 15 տարիների ընթացքում մենք կառուցել և վերականգնել ենք Արցախի բազմաթիվ դպրոցներ, տներ և առողջապահական կառույցներ, աջակցել վիրավոր զինվորներին, հիմնել և ընդլայնել գյուղերի ջրամատակարարման և ոռոգման համակարգերը, մշակել Արցախի բերրի հողերը, ստեղծել զբաղվածության և տնտեսական զարգացման հնարավորություններ, ինչպես նաև ապահովել Արցախի մասին արդար և հավասարակշռված լուսաբանում արտասահմանյան լրատվամիջոցներում:

Ի հավելումն ավելի քան 20 գյուղերում իրականացված շինարարական, զարգացման և վերաբնակեցման աշխատանքներից, մենք հիմնել և կառուցել ենք բոլորովին նոր գյուղ` Առաջամուղը, որը գտնվում է Արցախի հարավում` ազատագրված հողերի վրա:

Շոշափելի և կայուն արդյունքներ ստեղծող մի շարք լայնածավալ ծրագրերի միջոցով մենք աշխատում ենք վերակառուցել, վերաբնակեցնել և վերականգնել Արցախը և հասնել սոցիալական արդարության Հայաստանում: 

մեր թիմը ԼՂՀ Հոգաբարձուներ